Արմեն Սարգսյանը և Փաշինյանը բարոյական իրավունք չունեն այցելելու Եռաբլուր․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

նիկոլ

Մի շարք քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունեն այցելելու Եռաբլուր պանթեոն:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ներքոհիշյալ կուսակցությունները, կազմակերպությունները, նախաձեռնությունները, անհատները՝ անկախության տոնի արժևորման խնդրի առջև խոնարհելով կուսակցական դրոշները, և մի կողմ դնելով տարբեր հարցերի առնչությամբ իրենց տարակարծությունները,

Արձանագրելով, որ՝

1. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի միջոցով վերագտել է իր անկախությունը.

2. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարման պատճառով տեղի են ունեցել Հայաստանի անկախությանը սպառնացող հետևյալ դեպքերը՝

- Պատերազմը չի հաջողվել կանխել, իսկ սկսված պատերազմի ընթացքում պատշաճ չի կառավարվել ռազմական ուժերը, ինչպես նաև արտաքին հարաբերություններում սխալ քաղաքականության պատճառով, պատշաճ և բավարար օգնություն չենք ստացել հարևան և դաշնակից պետություններից, ինչը հանգեցրել է պարտության.

- Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը (շուրջ 75 տոկոսը) հանձնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Արցախի մնացած տարածքի սահմանները հիմնականում պահպանում են ռուս սահմանապահները.

- Հայաստանի Հանրապետության տարածքից Երևան-Մեղրի ճանապարհի Որոտանի հատվածը հանձնվել է Ադրբեջանին, ինչպես նաև Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում արձանագրվել են ադրբեջանական ուժերի նշանակալից առաջխաղացում՝ ի հակառակ 09.11.2020թ. ստորագրված հայտարարության, ըստ որի պետք է յուրաքանչյուրը մնար իր փաստացի զբաղեցրած տարածքում.

- Հայաստանի և Արցախի բազմաթիվ հայրենակիցներ առ այսօր գերեվարված են ադրբեջանական ուժերի կողմից.

- Ադրբեջանական ուժերը իրենց պահում են բացահայտ լկտի, փակելով ճանապարհը, վնասելով գյուղատնտեսությանը, ահաբեկելով մեր հայրենակիցներին, այդ թվում՝ երեխաներին.

-Հայաստանի իշխանությունը տանում է նվաստացուցիչ պայմաններով հաշտեցման քաղաքականություն, այդ թվում՝ դիտավորյալ օգտագործելով ադրբեջանական տեղանուններ, հեշտորեն զիջելով տարիների ընթացքում հայության ձեռքբերումները, վտանգելով նաև Հայաստանի անկախության մասին հռչակագրով սահմանված պատգամն (պահանջատիրությունն) առ այն, որ՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին.

3. Անկախության տոնը կարևոր է յուրաքանչյուր հայորդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և նրանց սատարող ու օժանդակող անհատներն ու ուժերը ՉՈՒՆԵՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՝ 1) այցելելու Եռաբլուր պանթեոն, և 2) մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարությանը և կազմակերպելու այն:

«Սև Հովազներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնություն

«Որդուս» զոհվածների մայրերի հասարակական կազմակերպություն

«Հայոց Հայրենիք» կուսակցություն

«Ֆիդես» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

«Հայ Ազատամարտի Խորհուրդ» նախաձեռնություն

«Հետախույզ վետերանների միություն» հասարակական կազմակերպություն

«Լեգալ պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպություն

--00—ԼՄ