Կատարի Պետության էմիրի կողմից ՀՀ դեսպանը պարգևատրվել է «Ալ-Վաջբա» բարձրագույն շքանշանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Քաղաքական

Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Էմիրի Դիվանում ընդունել է Կատարում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ։  

Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ընդունելության սկզբում, որպես Հայաստան-Կատար հարաբերությունների հիմնադիր դեսպան (2001թ-ից, նստավայրը Թեհրան) և Դոհայում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպան (2019թ․ մայիսից), Գեղամ Ղարիբջանյանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար Էմիրի կողմից պարգևատրվել է «Ալ-Վաջբա» բարձրագույն շքանշանով։

Պարգևատրման հրովարտակում նշված է․«Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիից Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան պարոն Գեղամ Ղարիբջանյանին ի գնահատում Ձեր գովելի ջանքերի և Ձեր լավ աշխատանքի և ի հավաստում երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության, շնորհեցինք Ձեզ «Ալ-Վաջբա» շքանշանը և հրամայեցինք թողարկել սույն հրովարտակը նշվածի վերաբերյալ»

Օգոստոս ամսից ի վեր իրենց առաքելությունն ավարտող դեսպանների՝ այդ թվում Ֆրանսիայի, Բելգիայի, Հունգարիայի, Ճապոնիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Եթովպիայի և այլոց շարքում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը միակն է, ով արժանացել է պարգևի։

Նույն օրը ավելի վաղ բացառության կարգով դեսպան Ղարիբջանյանին ընդունել է Կատարի Պետության վարչապետ շեյխ Խալեդ բին Խալիֆա Ալ Թանին:

--0--ԿԿ