Երկխոսություն և թշնամության մթնոլորտի հաղթահարում. Փաշինյանի ելույթը՝ ՀԱՊԿ-ում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստին անդրադարձավ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն իր խոսքում նշել է, որ ՀԱՊԿ հավաքական պատասխանատվության գոտու պարագծով արձանագրվում են մարտահրավերների և սպառնալիքների նոր դրսևորումներ: «Մեր տարածաշրջանն այսօր կանգնած է շատ կարևոր փոխակերպումների շեմին: Քաղաքական կամքի և իմաստության դրսևորման պարագայում դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և բերել տարածաշրջանում իրական խաղաղության պայմանների ձևավորմանը: Մեր կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել երկրի և տարածաշրջանի խաղաղ զարգացման նոր դարաշրջան: Եվ մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում խաղաղ զարգացման նոր դարաշրջանի նպատակին հասնելը. «Երկխոսության ճանապարհով, թշնամության մթնոլորտի աստիճանաբար հաղթահարման ճանապարհով, ինչը, ցավոք, գոյություն ունի մեր տարածաշրջանում, տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման ճանապարհով: Այս համատեքստում շատ կարևոր է այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով»։

Վարչապետը պետությունների ղեկավարների ուշադրությանը հրավիրեց մի շատ կարևոր նրբերանգի վրա. տնտեսական և քաղաքական հարցերի լուծման համար խիստ կարևոր է մթնոլորտը, որում դրանք քննարկվում են: «Ցավոք, պետք է տեղեկացնեմ, որ Ադրբեջանը մինչ այժմ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, ձերբակալվածներին և պահվող այլ անձանց` չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին և չնայած մեր գործընկերների ջանքերին, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և նախագահ Պուտինի ջանքերին: Այդ զուտ մարդասիրական հարցը պետք է լուծվի առանց հետաձգման և այդ հարցում ես ակնկալում եմ ձեր աջակցությունը»,- եզրափակեց Փաշինյանը

--00--ԱԹ