Վրաստանում բացահայտվել են հոգևորականների անձնական կյանքի մանրամասներ․ գաղտնալսումներ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

Սամեբա

Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ աղմկահարույց փաստաթղթերն են հանրայնացվում, ըստ որոնց`  Պետական անվտանգության ծառայությունը գաղտնալսել է ոչ միայն հանրային դեմքերի, քաղաքական գործիչների, լրագրողների, այլ նաև մի շարք հոգևորականների: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Օրեր առաջ խոշոր լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին hakim fasha անունով ուղարկվել է մեծ ծավալով նյութ, որ կազմված է եղել հարյուրավոր doc ձևաչափով նյութերից: Փաստաթղթերում հնարավոր է գտնել նաև 2021 թվականի տեղեկություն:

Կա վարկած, որ տվյալների տարածման մեջ ներգրավված է ՊԱԾ-ի նախկին աշխատողներից մեկը, չնայած այս ամենի հետ կապված պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: Լրագրողները ենթադրում են, որ այդ անձը երկու ամիս առաջ ինքնասպան եղած Ակակի Նեմսաձեն է:

Փաստաթղթերում ներկայացված են մանրամասներ մի շարք հոգևորականների, հատկապես, անձնական ու սեռական կյանքի մասին: Նշվում է, որ փաստաթղթերում խոսվում է պեդոֆիլիայի, միասեռական կապերի մասին: Ներկայացված են նաև նրանց «զույգերի» անուն ազգանունները, հեռախոսի համարներն ու անձնական այլ տվյալներ:

On.ge լրատվամիջոցն առանձնացրել է նաև այլ թեմաներ, որտեղ ընդգծվում են որոշ հոգևորականների ու Ռուսաստանի հետ կապերը: Այս ցուցակում տեղ է գտել նաև Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը, չնայած այստեղ միայն նրա` Ռուսաստանում ստացած կրթության մասին կա տեղեկություն:

Բացի այս, բացահայտվել է նաև ՊԱԾ-ի իբրև գործակալներ համարվողների անունները, ովքեր հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իշխող «Վրացական երազանքի» քաղաքապետների թեկնածուներից են:

Թեմայի հետ կապված գրեթե երկու օր անց՝ սեպտեմբերի 14-ին հայտարարություն արեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա նշել է, որ սա «կեղտոտ սադրանք է ու ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության կողմից հարձակում պետական  գլխավոր ինստիտուտների վրա»։

Դատախազությունը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ թեմայի հետ կապված արդեն գործ է հարուցված:

--00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս