Պահեստազորի սերժանտի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

զինվոր

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ