Հայաստանն ու Ռուսաստանը կակտիվացնեն 2 երկրների կրթամշակութային գործիչների շփումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ մշակութային համագործակցությունը հատուկ տեղ է գրավում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացումը։

«Ուրախ եմ Ձեզ նման մեծ հարգանք և հեղինակություն վայելող գործչի հետ հանդիպման համար: Համոզված եմ՝ Ձեր հարուստ փորձով և գործունեությամբ շարունակելու եք նպաստել մեր երկրների միջև ձևավորված կրթական և մշակութային համագործակցության առավել խորացմանը և զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել:

Միխայիլ Շվիդկոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և խոսել հայ-ռուսական կրթամշակութային ծրագրերի ընդլայնման, երկկողմ մշակութային փոխգործակցության խորացման կարևորությունից: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների կրթամշակութային գործիչների շփումներն ակտիվացնելու, Հայաստանում և Ռուսաստանում բարձր մակարդակով միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հարցեր: 

Վահրամ Դումանյանը Միխայիլ Շվիդկոյի ուշադրությունն է հրավիրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Միխայիլ Շվիդկոն նշել է, որ պատրաստ է հնարավորինս նպաստել հարցի լուծմանը: 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս