Սյունիքի մարտական հենակետում կրակոցից պահեստազորային է զոհվել, ևս 1-ը վիրավոր է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14,  24News

զոհ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզում մարտական հենակետերից Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր ժամանած տեղի ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ կրակոցների հետևանքով մեկ պահեստազորային մահացել է, մեկ հոգի էլ հրազենային վնասվածքներ է ստացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մկրտիչ Հ.-ն է, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ս.-ն։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ռազմական ոստիկանության և կայազորի քննչական վարչության քննիչները արդեն պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կա կասկածյալ։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հաղորդել էին, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմանում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978 թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 --00—ՄՀ