62 շիրակցիների գերեվարման գործով փոխգնդապետ Արսեն Ղազարյանի մեղադրանքը լրացվել է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13,  24News

Ղազարյան

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանի մեղադրանքը լրացվել է, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին թվով միջնորդությունն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Նշենք, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը մերժվել էր։ Դատարանի այս որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել ՝ նոր քննության: Պաշտպանության կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը, սակայն վարույթ չի ընդունվել, հետևաբար, Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պետք է կրկին քններ Ղազարյանի խափանման միջոցի հարցը։ Օգոստոսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կրկին մերժել է միջնորդությունը։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ վարույթն իրականացնող մարմինը լրացրել է Ղազարյանին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հատկանիշներով, որոնք կատարվել են ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ, որի արդյունքում կորել են գաղտնի փաստաթղթեր, մինչդեռ պաշտպանի դիտարկմամբ՝ որևէ խախտում Ա․Ղազարյանի կողմից առկա չէ։

«Գաղտնի փաստաթղթերը գտնվել են իր զինվորական պայուսակում՝ զինվորական համազգեստի գրպանում։ Պայուսակը գտնվել է զինվորական ավտոմեքենայում և հանկարծակի հարձակման պայմաններում, անհաղթահարելի ուժի ազդեցությամբ հնարավոր չի եղել մոտենալ ավտոմեքենային և վերցնել գաղտնի փաստաթղթերը։ Ինչ վերաբերում է այդ փաստաթղթերի գաղտնիությանը, ապա դրանք միայն ձևականորեն են գաղտնի համարվել, իսկ բովանդակային առումով որևէ գաղտնի տեղեկատվություն չեն պարունակել հնարավորություն չի եղել»,- նշել է Վահան Հովհաննիսյանը։

Ըստ փաստաբանի՝ Ղազարյանին ազատությունից զրկելով՝ նպատակ են հետապնդում ինչ-որ կերպ սփոփել 62 գերիների հարազատներին՝ ցույց տալով, որ պետությունը կալանավորեց Արսեն Ղազարյանին։

--00--ԱԹ