ՊՆ-ում ԶՈւ ինքնասպանությունների թեմայով հավաք-խորհրդակցություն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ՊՆ

 ՊՆ վարչական համալիրում կայացել է հավաք-խորհրդակցություն «Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերն ու կանխարգելման ուղիները»  թեմայով։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Ի թիվս ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների բարձրաստիճան սպաների, պետական այլ գերատեսչական և հասարակական կառույցների ներկայացուցիչների, հոգեբան-դասախոսների և հոգևոր սպասավորների՝ խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 

Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ պետք է ներդնել առավելագույն ջանքերը զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ 

Խորհրդակցության ընթացքում օրակարգային թեմային առնչող ելույթներով հանդես են եկել ԶՈւ հոգևոր առաջնորդը, ԶՈՒ ԲՀԱ վարչության սպաները, ռազմական ոստիկանության և զինվորական դատախազության ներկայացուցիչները, մի շարք դասախոսներ, հոգեբաններ և այլոք։ Անդրադարձ է կատարվել զինված ուժերում 2021թ. տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի վերլուծությանը, ներկայացվել են կանխարգելման ուղիների վերաբերյալ առաջարկություններ։

--00—ՄՀ