Արցախում մտադիր են հունվարից 20%-ով բարձրացնել աշխատավարձն ու թոշակները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի սեպտեմբերի 8-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել ԱՀ պետական բյուջեի միջոցներով Արցախի բնակիչների ստվար հատվածի առաջիկայում տրամադրել լրացուցիչ միանվագ դրամական աջակցություն, որը թույլ կտա որոշակիորեն մեղմացնել հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-կենցաղային դժվարությունները։

Երկրի ղեկավարը նշել է, որ, բացի միանվագ դրամական աջակցության ծրագրերից, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքով էականորեն նպաստել Արցախի բնակչության սոցիալական երաշխիքների ապահովմանն ու կենսամակարդակի բարձրացմանը։

Արայիկ Հարությունյանն հանձնարարել է 2022 թվականի հունվարի 1-ից միջինը 20%-ով բարձրացնել պետական բյուջեից վճարվող բոլոր աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների չափերը։

Հանրապետության նախագահի հանձնարարականներով՝ կարճ ժամկետում ավարտին կհասցվի անվճար առողջապահության ծրագիրը, իսկ կառավարության կողմից Արցախի բուհերի առկա համակարգի բակալավրիատի ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագրում առկա խնդիրները կհարթվեն:

--00—ՄՀ