Ալեն Սիմոնյանը Շվեդիայի Ռիկսդագի խոսնակի հետ քննարկել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Հայաստանը խորհրդարանական համագործակցության շրջանակում կարևորում է նաև երկու երկրների օրենսդիր կառույցներում ընդգրկված կուսակցությունների միջև աշխատանքային կապերը: Այդ մասիր իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հրապարակելով Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ զրույցի մանրամասները։

«Խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում Շվեդիայի հետ փոխգործակցության մասին՝ արժեւորեցի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկումը: Այդ հարցում մեր երկիրն ապավինում է բարեկամ Շվեդիայի աջակցությանը: Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակը ջերմությամբ հիշեց իր այցը Հայաստան:

Գործընկերս կարևորեց այն փաստը, որ պատերազմից հետո Հայաստանը չի նահանջել ժողովրդավարական ուղուց: Հանդիպման ընթացքում անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ փաստելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների և համաձայնեցված հայտնի սկզբունքների հիման վրա:

Ներկայացրի նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և նրանց վերադարձնելու կապակցությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկատվություն և խնդրեցի շվեդ գործընկերոջս նպաստել պահվող անձանց՝ օր առաջ Հայաստան վերադարձնելուն»,-գրել է Ալեն Սիմոնյանը:

--00—ԼՄ