Հադրութի շրջանի Հին Թաղերի և Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետի մեղադրանքը կլրացվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ԱՂ

Այսօր ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությունից տեղեկացրել են ժամը 17-ին ներկայանալ քննչական գործողությունների կատարմանը։ Այս մասին հայտնում է Արսեն Ղազարյանի պաշտպանական խումբը: 

«Համաձայն վարույթն իրականացնող մարմնի՝ Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքը լրացվելու է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն  է ներկայացվելու դատարան։

1․ Սա Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում եզակի դեպք է, երբ նույն անձի նկատմամբ նույն գործով 3-րդ անգամ ներկայացվում է կալանավորման միջնորդություն։

2․ Միջնորդության ներկայացման համար ընտրվել է այն ժամանակահատվածը, երբ հերթապահում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը՝ իր բոլոր բացասական ավանդույթներով։

3․ Մեղադրանքը լրացվում է և կալանավորման միջնորդություն է ներկայացվում 2-րդ անգամ կալանավորման միջնորդության մերժումից հետո, որը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմնի միակ նպատակը Ա․Ղազարյանին և պաշտպանական թիմին լռեցնելն է, յուրաքանչյուր գնով Արսեն Ղազարյանին անազատության մեջ պահելը, այլապես մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր ապացույցների առկայության դեպքում դեռ վաղուց կարող էր նրան մեղադրանք առաջադրված լինել։

4․ Վարույթն իրականացնող մարմինը դեռ մինչև Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքը լրացնելը, արդեն իսկ որոշել է կալանավորման միջնորդություն ներկայացնել, որից ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմնին անգամ հետաքրքիր չէ Արսեն Ղազարյանի դիրքորոշումը, նրա կողմից տրված ցուցմունքը և յուրաքանչյուր պարագայում միջնորդությունը ներկայացվելու է»,- հայտնում են պաշտպանական խմբից։

--00--ԱԹ