ԳԱԱ-ում հյուրընկալել են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվածների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Պատերազմ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 8-ին հյուրընկալել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատներին՝ մայրերին, կանանց, քույրերին, եղբայրներին, երեխաներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից, հանդիպման նախաձեռնողը «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավական ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանն էր:

«Գիտությունների ազգային ակադեմիայում պատերազմի զոհվածների հարազատների հետ այս հանդիպումը հիմք կդառնա ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որտեղ կլինի համերաշխություն, սեր ու հարգանք: Գիտությունը ուղղորդիչ, շատ մեծ նշանակություն ունեցող կատեգորիա է: Գիտական հանրույթը պետք է հասարակության առողջացման, զարգացման լոկոմոտիվի դեր ստանձնի», - իր ողջույնի խոսքում ասել է Խաչատուր Մարոզյանը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ցավակցություններն է հայտնել պատերազմի զոհվածների հարազատներին և ցավով նշել, որ պատերազմը խլել է պետության սերուցքը՝ երիտասարդներին:

«Մենք մեծ կորուստ ենք ունեցել, և դա միշտ պետք է պահենք մեր սրտերում: Մենք պետք է փորձենք համախմբվել և հզորանալ հանուն մեր հերոսների, ովքեր իրենց կյանքն են տվել, ովքեր պետք է լինեին կանգնած մեր երկրի հիմքում», - ասել է Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ իր խոսքում ասել է.

 «Մեզ՝ պատմաբաններիս համար շատ դժվար է այս ամբողջը հանձնել թղթին: Մենք խոստանում ենք մեր հերոսների մայրերին, քույրերին, բոլոր հարազատներին հնարավորինս վեր հանել ձեր զավակների հերոսապատումը»:

Հանդիպման ժամանակ ներկայացվել են պատերազմին նվիրված «Հայացք դեպի երկինք» վավերագրական ֆիլմի եզրափակիչ նկարահանումները, իսկ ամբողջական ֆիլմը կցուցադրվի 2021 թ-ի հոկտեմբեր ամսին:

«Ֆիլմի կարևորագույն նպատակներից մեկը երկնքին նայելն է, որպեսզի այն հնարավորությունը, որը տրված է մեզ ի վերուստ, մենք չկորցնենք: Մեր հաղթանակները մեր մեջ են», - ասել է ֆիլմի հեղինակ Խաչատուր Մարոզյանը:

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավական ՀԿ-ի կողմից պատերազմի զոհվածների հարազատներին պատվոգրեր հանձնվեցին:

--00--ԿԿ