Մեղմ ասած, զարմանալի էր ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումը. Գառնիում միջոցառման մասին տեղյակ ենք պահել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակական

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պարզաբանմամբ է հանդես եկել՝ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված հարսանեկան միջոցառման առնչությամբ, որը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում։

Թարվերդյանը տարակուսանք է հայտնել ԿԳՄՍ նախարարության այն հայտարարության առնչությամբ, որ նման պայմաններով միջոցառում անցկացնելու հարցը նախարարության հետ համաձայնեցված չի եղել։

«Միջոցառման հենց ամենասկզբից ԿԳՄՍՆ-ին տեղյակ ենք պահել մեր քայլերի մասին։ Նախ, այն ժամանակ, երբ կազմակերպիչ ընկերությունը մեզ առաջարկով է ներկայացել, դրա մասին ենք տեղեկացրել նախարարությանը, որ կա այսպիսի առաջարկ, սկզբից՝ բանավոր, այնուհետև՝ գրավոր։ Գրություն եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար պարոն Դումանյանին, հետո փոխնարար Արթուր Մարտիրոսյանից ստացել ենք պատասխան, որ նման միջոցառումը կարելի է իրականացնել՝ խստորեն պահպանելով համապատասխան հրամանի պայմանները», - ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը։  

--00--ԿԿ