Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը. Սանոսյանն ու Գեգինատը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սանոսյան

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Գնել Սանոսյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է Կառավարության նոր ծրագրով նախատեսված առաջնահերթությունները, հաստատված հիմնական նպատակները, համագործակցության ուղղությունները։ Նա ընդգծել է, որ կառավարությունը շատ հավակնոտ ծրագրեր է իր առջև դրել և պատրաստվում է նաև միջազգային գործընկերների հետ ջանքեր ներդնել դրանք իրականացնելու համար։

Ըստ նախարարի՝ ՀԲ-ի հետ համագործակցությունը շատ բազմաշերտ է, ընթացքում գտնվող շատ ծրագրեր կան, ներկայումս շատ կարևորվում է կենսական նշանակության ճանապարհների ծրագրերը, տարածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ջրամատակարարման, տուրիզմի ոլորտում իրականացվող ծրագրերը, հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը։

Կարոլին Գեգինատը նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը նախատեսվող ծրագրերում, հատկապես՝ ջրային ոլորտում, հողերի օգտագործման ոլորտում, զբոսաշրջության և ճանապարհաշինության ոլորտներում։

Կարոլին Գեգինատը կարևորել է հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությունը՝ ոլորտը մասնավոր ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում կազմակերպել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ընդլայնված կազմով առանձին քննարկումներ՝ հստակեցնելու համար հետագա անելիքները:

--00--ԱԹ