ԵԺԿ-ում բարձրաձայնել ենք Արցախի խնդրի, այն է՝ կարգավիճակի մասին. ՀՀԿ անդամ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Դերզյան

ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գաղտնիք չէ, որ վերջին երեք տարիներին, պետական ինստիտուտների թույլ և ապիկար քաղաքականության ֆոնին Հայաստանի դիվանագիտության ծանր հրետանին հանդիսացել են ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀՀԿ-ի թիմը։

Թերևս ավելորդ է նշել, որ մանդատների բացակայության պայմաններում մեր թիմը իր ողջ ներուժը օգտագործեց հայրենիքի շահերը առաջ տանելու համար։

Այսօր կարելի է արձանագրել, որ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներից առաջինը, ով միջազգային թատերաբեմում ներկայացավ և բարձրաձայնեց Հայաստանի առաջ ծառացած մի շարք խնդիրների մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ ,«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն է։

Հայաստանի համար դժվար և ճակատագրական ժամանակաշրջանում, երբ պետության ղեկը անկանոն ճոճվում է անփորձ և արկածախնդիր մարդկանց պատճառով, շատ կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները և միջազգային հանրությանը հիշեցնել ոմանց անմիջական աջակցությամբ կորսված օրակարգերի և պատճառահետևանքային կապով առաջացած նոր խնդիրների մասին։

ԵԺԿ քաղաքական գերհագեցած համաժողովի ընթացքում մեր պատվիրակության կողմից բարձրաձայնվել է Արցախի խնդրի, այն է կարգավիճակի, ռազմագերիների վերադարձի, դեօկուպացիայի, պատերազմի ժամանակ թշնամու կողմից գործած հանցագործությունների և արժանապատիվ խաղաղության հաստատման մասին։

Փաստացի արվել և արվում է ամենը միջազգային կարևորագույն խաղացողների հետ ունեցած կապերը կապիտալիզացնելու ի շահ մեր հայրենիքի։ Ի տարբերություն գործող իշխանության, որը իր իսկ ասելով` իզմեր չունի, մեր թիմը վստահելի է միջազգային թատերաբեմում, կարևորում է ստրատեգիապես կարևոր գործընկերներին, բարեկամ և պոտենցիալ գործընկեր պետություններին։

Արձանագրենք, որ ՀՀԿ-ի դարբնոցի ներկայացուցիչները այս պահին իրենց ուսերի վրա են կրում և առաջ տանում այն օրակարգը, որը փորձում է թաղել թշնամի պետությունների բիպատրիդ հանդիսացող անձը»։

--00--ԱԹ