«Ֆիզգորոդոկի» շինարարության խնդրի վերաբերյալ հարուցվել է քրգործ, նախաքննությունն սկսվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

14

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում կառուցապատողի և բնակիչների միջև ծագած խնդրի և այդ մասով հարուցված քրգործի վերաբերյալ։

«Քանի որ լրագրող գործընկերների կողմից հարցեր են հնչում, տեղեկացնում և հաստատում եմ, որ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ առավելապես հայտնի որպես «Ֆիզգորոդոկ»-ում, շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործը 2021 թ. օգոստոսի 30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և արդեն իսկ նախաքննությունն սկսվել է:

Դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,-գրել է Գոռ Աբրահամյանը:

--00—ԼՄ