Շատ ցավում եմ, բայց Արցախն էլ իրենց պետք չի. ինչո՞ւ Փաշինյանն ու մյուսները չմեկնեցին Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է: Այս տարի հոբելյանական էր՝ նշվում էր Արցախի Հանրապետության 30-ամյակը, սակայն Արցախի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, արտաքին գործերի նախարարը ներկա չէին:

24News-ի հետ զրույցում քաղաքացիներն անդրադառնալով ՀՀ իշխանության Արցախ չմեկնելու հանգամանքին, նշեցին, որ պատճառներն իրենց հայտնի չեն, սակայն ինչպես նախկինում, այս տարի ևս պետք է Հայաստանի բարձր ղեկավարությունը մեկներ Ստեփանակերտ և մասնակցեր միջոցառումներին:

«Վատ բան են արել, որ չեն գնացել, չի կարելի այդպես վարվել, դա պատմական հող է, հայ ժողովուրդն է այնտեղ ապրում: Չեն գնացել Արցախ, դրա համար էլ համապատասխան վերաբերմունքի են արժանացել ու ելույթի ժամանակ նրանց չեն ծափահարել»,-ասաց հարցման մասնակիցներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ հավանաբար կարևոր գործեր են ունեցել, այդ պատճառով էլ չեն կարողացել այցելել:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունից են զգուշացել, քանի որ վերջինս նշել էր, որ արգելում է ՀՀ իշխանությանն Արցախ այցելել, պատասխանեց.
«Չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարից վախենան, նրանք շատ բան կարող են ասել, հո ամեն ասածին չենք հավատալու»: 

Մեկ այլ քաղաքացի էլ շեշտեց. «Բոլորովին չեմ զարմանում, որ չեն գնացել Արցախ: Ցավոք, իրենց Արցախը պետք չէ, իրենք աղի պես ապրում են, ոչ մի խնդիր չունեն, դրա համար էլ չեն գնացել այնտեղ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ