Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվել է ՓՊ ղեկավար կազմի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ՓՊ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի մեկին այցելել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատ և հանդիպել Պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, Խորհրդի անդամներին և Պալատի այլ ներկայացուցիչներին։

Քննարկման առանցքում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցն էր երկու հիմնական ուղղություններով՝ կառավարման ձևի փոփոխությունը և Գերագույն դատարանի ստեղծման միջոցով բարձրագույն դատական ատյանների միավորման նպատակահարմարություններն ու հնարավորությունը։

Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու ներկաներն իրենց նախնական դիրքորոշումն են հայտնել առաջադրված թեմաների և դրանց հետ կապված հարցերի վերաբերյալ, և ավելի խորը ուսումնասիրության հիման վրա Պալատի կողմից կարծիք տրամադրելու նպատակով առաջարկել ստեղծել փաստաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը կհավաքագրի խնդրի վերաբերյալ փաստաբանական համայնքի կարծիքներն ու Պալատի միասնական դիրքորոշումը կներկայացնի Արդարադատության նախարարությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արդարադատության նախարարություն-Փաստաբանների պալատ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։

Արդարադատության նախարարն ու Պալատի նախագահը այս ձևաչափով շփումները հաճախակիացնելու և փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն են հայտնել։

--00—ՄՀ