ՀՀ գլխավոր հյուպատոսը Գլենդեյլի համայնքային քոլեջում համագործակցության հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

գլենդեյլ

Օգոստոսի 30-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Գլենդեյլի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտ․ Արմինե Հակոբյանի, Գլենդեյլի համայնքային քոլեջի նախագահ դոկտ․ Դեյվիդ Վայարի, Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի կրթական խորհրդի նախագահ Շանթ Սահակյանի և Գլենդեյլի դպրոցների կառավարիչ դոկտ․ Վիվիեն Էքչյանի հետ։ Դեսպան Բայբուրդյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունների սրահում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գլենդեյլի համայնքային քոլեջի (GCC), Գլենդեյլի դպրոցների կրթական խորհրդի (GUSD) և հայաստանյան բարձրագույն կրթության հաստատությունների ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև համագործակություն ծավալելուն վերաբերող հարցեր։ Դեսպան Բայբուրդյանը և հանդիպման մասնակիցնորը պայմանավորվեցին մշակել Գլենդեյլի համայնքային քոլեջի և Հայաստանի բուհերի միջև գործընկերության հաստատմանն ուղղված գործողությունների իրականացման ծրագիրը։ Բայբուրդյանը տեղյակ պահեց, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի պաշտոնակատարը համաձայնություն է տվել Գլենդեյլի համայնքային քոլեջի հետ գործընկերություն հաստատելու գաղափարին։ Իբրև շարունակական համագործակցության գործիքակազմի առաջին քայլ՝ քննարկվեց Գլենդեյլի համայնքային քոլեջի ուսանողների համար «Ուսումնառություն արտասահմանում» ուսումնական ծրագրի մեջ Հայաստանը ներառելու հեռանկարը։ Դա ենթադրում է, որ ուսանողները կարող են կրեդիտներ հավաքել հայաստանյան բուհերում մեկ ուսումնական կիսամյակ Երևանում սովորելով և դրանք փոխանցել Գլենդեյլի համայնքային քոլեջ։ Գլենդեյլի համայնքային քոլեջի նախագահ Դեյվիդ Վայարը տեղեկացրեց ՀՀ գլխավոր հյուպատոսին, որ ներկայումս իր ղեկավարած քոլեջում հայազգի ուսանողների թիվն ամենամեծն է ԱՄՆ-ում՝ 3,600: Դա կազմում է ընդհանուր թվով 12,000 ուսանողների 30 տոկոսը, ինչը հանդիսանում է Հայաստանից դուրս մեկ ԲՈՒՀ-ում սովորող ուսանողների ամենամեծ թիվը։

Հանդիպման մասնակիցների հետ դոկտ․ Բայբուրդյանը քննարկեց նաև Հայաստանի կրթական ոլորտում համակարգային բարեփոխումների գործին Գլենդեյլի միացյալ կրթական շրջանի կողմից աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։ ՀՀ գլխավոր հյուպատոսը պատրաստակամություն հայտնեց Գլենդեյլի համայնքային քոլեջի և Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի հայերեն դասընթացներին աջակցել հայերեն դասագրքերով։ Ա․ Բայբուրդյանը Գլենդեյլի կրթության ոլորտի ղեկավարներին հրավիրեց Հայաստան՝ համագործակցության հեռանկարները Հայաստանի կրթության ոլորտի պաշտոնյաների հետ քննարկելու համար։

Քննարկման թեմաներից էր նաև ՀՀ անկախության տոնի առիթով Գլենդեյլի համայնքային քոլեջի և դպրոցների միացյալ շրջանի կողմից հեռավար միջոցառման կազմակերպումը, ինչպես նաև դեսպան Բայբուրդյանի՝ ՀՀ անկախության տոնի առիթով դասախոսությամբ հանդես գալու առաջարկը։

--00—ՄՀ