Կայացել է տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

․

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական նոր կազմով հանձնաժողովի առաջին նիստը։

Նախարարի տեղակալը, ընդգծելով  հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, նշել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ անձինք, որոնք ներկայացնում են պետական և ոչ պետական կառույցներ, մշտապես իրենց մասնակցությունն են ունեցել և աջակցել տարեցների հիմնախնդիրների ոլորտում իրականացվելիք տարբեր գործընթացներում։

«Այս պահին պետության կողմից դրամաշնորհների շրջանակում մատուցվող ծառայություններն ունեն և՛ չափորոշիչների, և՛ որակի բարեփոխման կարիք։ Կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններն ու միջոցառումները՝ որպես տեսլական, իրականություն կդառնան հանձնաժողովի ակտիվ, կենսունակ ու արդյունավետ գործունեության շնորհիվ։

Գոհացուցիչ արդյունքների հասնելու համար պետք է գործել համակարգված, մեկտեղել տարբեր գերատեսչությունների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ջանքերը՝ տարեցների կյանքի որակի բարելավման, ներառականության ապահովման, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, տարեցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում տարեցների մասնակցության ապահովման համար»,- նշել է նախարարի տեղակալը։

Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը նիստի անդամներին ներկայացրել է օրակարգում ներառված հարցերը, մասնավորապես՝ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգի մանրամասները։ Նա ևս շեշտել է տարբեր կառույցների համագործակցության անհրաժեշտությունը՝ բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների շրջանակում տարեցների կյանքում ապահովելու էական առաջընթաց։

Օրակարգի հաջորդ հարցի՝ տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման եվ համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագրի մասին ներկայացրել է տարեցների հիմնահարցերի բաժնի փորձագետ Անահիտ Գևորգյանը։ Վերջինս մանրամասնել է ակտիվ ու առողջ ծերացման խրախուսման, խնամքի համայնքահեն ծառայությունների ներդրման, տարեցների հասարակություն լիարժեք ներառման, նրանց կյանքի որակի բարձրացման, ընտանիքում  և համայնքում ապրելու համար բարենպաստ միջավայրի ու արժանապատիվ պայմանների ստեղծման ու իրենց գնահատված անհատական կարիքներին համարժեք ծառայությունների մատուցման մասին։

Հարց ու պատասխան ձևաչափով նիստի անդամները քննարկել են նաև ոլորտում առկա խնդիրները, ծրագրում ամրագրված գերակայությունները, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։

--00--ԱՀ