Երևանում շտապօգնության մեքենան բախվելով այլ մեքենայի շրջվել է․ 8 հոգի հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով  Nissan-ը կողաշրջվել է:  Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում  հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացած է եղել և հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

2 վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության,  երկուսն էլ եղել են սթափ: 

--00--ԱՀ