ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ՀՀ Ղազախստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 28-ին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահի հեռագրում ասված է.

«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների և փրկարարների մահվան: Անկասկած, նրանց սխրանքը հերոսության և զինվորականի ծառայողական պարտականությանը հավատարմության արժանի օրինակ է»:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցության ու կարեկցանքի խոսքերն է փոխանցել զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Ղազախստանի եղբայրական ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն: 

--00--ԱԹ