Ադրբեջանի գործողությունը Գորիս-Կապան մայրուղում հակասում է մեր և ՌԴ-ի պայմանավորվածությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածը ադրբեջանցիների կողմից փակելու փաստին։

Ըստ վարչապետի՝ այն հատվածներում (21 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել), ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել ադրբեջանցի սահմանապահների:

«Մենք պաշտոնապես ասում ենք, որ դանակահարության վերաբերյալ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, և կոչ ենք անում՝ եթե ադրբեջանական կողմն այդպիսի հիմնավորումներ ունի, որ նման բան եղել է, թող փոխանցի մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք, հասկանանք, թե ինչ է։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է, ինչպես գրված է ՊՆ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի հայտարարության մեջ, պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ միջև։ Եվ ամրագրվել է այդ պայմանավորվածությունը։ Եռակողմ հայտարարություն, ինչի պատրաստման մասին ես ասել եմ, չի ստորագրվել։ Սա է ամբողջ խնդիրը», - մանրամասնել է նա, ապա հիշեցրել, որ Սյունիքում կա այլ ճանապարհ, և որ Սյունիքը Հայաստանից կտրված չէ։

«Այնտեղ կա այլ ճանապարհ՝ Կապան-Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է։ Նորմալ, գրունտային ճանապարհ կա։ Ես նկատի ունեմ՝ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ», - ասել է Փաշինյանը։