Արդյո՞ք խաղաղություն հաստատելու գինն այն կետերն են, որ հանվել էին նոյեմբերի 9-ի փաստաթղթից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Բաբայան

Հովիկ Աղազարյանն այսօր հայտնել է, որ «Փաշինյանը չէր ստորագրել, որովհետեւ որոշ կետերի հետ համաձայն չէր։ Այդ կետերը հանվեցին, նոր ստորագրեց. դա է եղել իրական պատճառը». խոսքը կապիտուլացիոն համաձայնագրին է վերաբերվում: Այս մասին ֆեյսբուքյան իր գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Սա միանշանակ պետք է դիտարկել որպես ՔՊ կուսակցության և գործող իշխանության պաշտոնական հայտարարություն: Ակնհայտ է դառնում, որ մինչ ստորագրելը թշնամու կողմից առաջադրվել են ավելի ծանր պայմաններ: Տեսնելով կապիտուլյանտի վախերն Ալիևից ու վերլուծելով վերջին 8 ամիսներին տեղի ունեցած զարգացումները ակնհայտ է դառնում, որ այդ պայմանները ոչ թե մերժվել են, այլ հետաձգվել:

Ուստի, անհրաժեշտ եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը վաղը բոլորիս տեղեկացնի.

1) ինչ պայմաններ են եղել առաջադրված փաստաթղթում, որն իր ստորագրելուց առաջ հանվել են,

2) որքա՞ն ժամանակ է նա խնդրել այդ կետերի հետաձգման համար,

3) արդյո՞ք այս պահին չի ստորագրել լրացուցիչ փաստաթուղթ, որը հաստատել է այն կետերը, որոնք հետաձգվել են նոյեմբերի 9-ի փաստաթղթից,

4) արդյո՞ք կառավարության ծրագրում ներկայացված հարևանների (այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի) հետ խաղաղություն հաստատելու գինն այդ կետերն են, որոնք հանվել էին նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

Եթե, իսկապես, եղել են այդպիսի կետեր, որոնք հանվել են նոյեմբերի 9-ի փաստաթղթից և դրանք իսկապես հանվել են, ոչ թե հետաձգվել, ապա վաղը Փաշինյանը կհրապարակի այդ կետերը: Հակառակ դեպքում՝ ակնհայտ կդառնա, որ թվարկածս 4 հարցերն ունեն ոչ հայանպաստ պատասխաններ:

Եթե չեն եղել հանված կետեր, ապա Փաշինյանը Հովիկ Աղազարյանի հայտարարությանը պետք է տա քաղաքական գնահատական»,- գրել է նա:

--00--ԱԹ