Բադասյանն այցելել է Արարատյան մաքսատուն․ նրան ներկայացվել են մաքսատան գործառույթները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքին: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում: Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են փաստաթղթային հսկողության, բացթողնման, գանձումների համակարգման և հաշվառման բաժինների գործառույթները: ՊԵԿ նախագահը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողերին մատուցվող ծառայություններով:

ՊԵԿ նախագահն այցելել է նաև Արարատյան  մաքսատուն-վարչության գործունեության տարածքում գտնվող մաքսային հսկողության տարածքներ: Մասնավորապես՝ «Ուրբան լոջիստիք սերվիս տերմինալում» նա շրջել է աշխատասենյակներով, հետաքրքրվել բացթողնման բաժնի մաքսային տեսուչների աշխատանքներից: Ռուստամ Բադասյանը ծանոթացել է մաքսային հսկողության տարածքում գործող պահեստներում ապրանքների պահպանման հնարավորություններին: Դիտարկվել է նաև մաքսային հսկողության տարածքի տեխնիկական հագեցվածության խնդիրը: Կոմիտեի ղեկավարին զեկուցել են, որ պահեստները կահավորված են անհրաժեշտ սարքավորումներով: 

ՊԵԿ նախագահը շրջայցով եղել է նաև «Հայկ» մաքսային հսկողության տարածքում: Այստեղ նա հետևել է ապրանքների բացթողնման  կազմակերպման գործընթացին, մասնավորապես՝  «Ռապիսկան» սարքավորման և  էլեկտրոնային կշեռքների կիրառման  հնարավորություններին: Կոմիտեի ղեկավարին հայտնել են, որ այստեղ պայմանների բարելավման աշխատանքներ են տարվում, շինարարությունը մոտենում է ավարտին, լինելու են նոր ենթակառուցվածքներ:

Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեության սպասարկման արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ և որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը:

 --00—ՄՀ