Գուտերեշը կմասնակցի Աֆղանստանի հարցով G7 գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Աֆղանստանի հարցով G7-ի գագաթնաժողովում միջազգային հանրությանը միասնության կոչ կանի հանուն այդ երկրի ժողովրդի շահերի:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը հրավիրվել է մասնակցելու Աֆղանստանի հարցով G7 վիրտուալ գագաթնաժողովին: Նա միջազգային հանրությանը միասնության կոչ կանի՝ աֆղան ժողովրդի շահերը լավագույնս ապահովելու համար»,- ասել է նա։

Բացի այդ, ՄԱԿ-ը մտահոգված է Աֆղանստանում նոր մարտերի մասին հայտարարություններով, այդ թվում Փանջշերի կիրճի շրջանում:

«Վերջին բանը, որ հիմա պետք է Աֆղանստանի ժողովրդին, զինված հակամարտության շարունակությունն է։ Մենք շատ մտահոգված ենք հումանիտար իրադրության վրա շարունակվող մարտերի ազդեցությամբ՝ Աֆղանստանի որ վայրում էլ դրանք տեղի ունենան»,- ասել է Դյուժարիկը:

--00--ԿԿ