ՌԴ փոխվարչապետը հնարավոր է համարել սպառազինության արտոնյալ մատակարարումները ՀԱՊԿ երկրներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News 

ՀԱՊԿ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովը չի բացառել Աֆղանստանի հետ սահմանակից ՀԱՊԿ անդամ երկրներին արտոնյալ գներով սպառազինության մատակարարումների հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Մենք կանենք ամեն հնարավոր բան մեր հարավային սահմաններն ամրացնելու համար»,- նշել է Բորիսովը՝ պատասխանելով Աֆղանստանին սահմանակից ՀԱՊԿ երկրներին արտոնյալ գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման հնարավորության մասին հարցին:

Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Աֆղանստանի հարևան երկրներին զենք մատակարարել, եթե «Թալիբներ»-ը սպառնալիք դառնան այդ երկրի համար:

--00—ՄՀ