Հարությունյանն ու Միրզոյանը հանդիպել են, անդրադարձել են Արցախում ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 21,  24News

ԱՀ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ նախագահ Հարությունյանը հաջողություն է մաղթել Արարատ Միրզոյանին արտաքին քաղաքական մարտահրավերների հաղթահարման կարևոր գործում՝ ընդգծելով ժամանակագրական առումով դրանց կենսական նշանակությունը:

Զրուցակիցները անդրադարձել են Արցախում ստեղծված իրավիճակին և առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Արցախի պետական գերատեսչությունների միջև մշտական կապի և համագործակցության ամրապնդումը։

Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ընդգծվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի սահմանին և Արցախի հետ շփման գծում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրանակացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

--00—ՄՀ