Անժխտելի է Ձեր դերակատարումը պատերազմից արնաքամ եղած մեր Հայրենիքի վերընձյուղման գործում

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 21,  24News

Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը իր, կուսակցության և իր ղեկավարած խորհրդարանական խմբակցության անունից շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ ծննդյան օրվա առիթով։

Շնորհավորական ուղերձում ասվում է․

«Վեհափա՛ռ Տեր,

Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ ու վճռական ժամանակահատվածում, հիրավի, անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ձեր դերակատարումը պատերազմից արնաքամ եղած մեր Հայրենիքի նորովի վերընձյուղման, պետական, ազգային ու հոգևոր իրական արժեքների պահպանման և քարոզման գործում:

Նաև Ձեր հոգևոր առաջնորդությամբ, ոգեշնչող խոսքով ու աստվածահաճո գործով է, որ այսօր Հայաստանի և Արցախի մեր քաջարի ժողովուրդը խորը հավատով առ Աստված անշեջ է պահում գալիք հաղթանակների հույսը և շարունակում իր անխոնջ ջանքերը մեր Հայրենիքի վերաշինության, ամրապնդման ու առաջընթացի ուղղությամբ։

Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը մեզանում դույզն-ինչ կասկած կամ երկմտանք չեն թողնում առ այն, որ Հայաստանը և Արցախը հարություն են առնելու, վերածնվելու և անշեղորեն առաջ են ընթանալու հուրախություն մեր ազգի և ի հեճուկս թշնամյաց։

Անձամբ իմ, «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից որդիական խոնարհումով ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեր տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և անսպառ եռանդ, կորով ու տոկունություն՝ Ձեր ազգանվեր առաքելության և աղոթքների օգնությամբ մեր պետության ու ազգի առջև ծառացած խնդիրները համատեղ ջանքերով լուծելու մշտական պատրաստակամությամբ։

Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն»։

-00—ՄՀ