Արշակյանը և Ֆան Յոնգը կարևորել են ԲՏ և կրթության ոլորտներում փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

ֆան յոնգ

Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

ԱԺ փոխնախագահը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը: Նա նշել է, որ երկկողմ կապերի փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը: Հակոբ Արշակյանն ընդգծել է բարեկամական խմբերի միջև համագործակցության սերտացման և փոխայցերի կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվել են հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Չինաստանի միջև փոստային ծառայությունների զարգացման, ինչպես նաև օդային կապի գործարկման վերաբերյալ:

Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների բարեկամական կապերի ավելի ակտիվացման և խորացման գործում:

--00—ՄՀ