Կկրճատվի ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը․ Ժաննա Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

նկար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը ոչ միայն առարկայական ծրագրերի, այլ նաև գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի և ըստ այդմ՝ տարիֆիկացիայի կազմման փոփոխություններ է ենթադրում։ Փոփոխություններ են իրականացվում նաև դպրոցների ֆինանսավորման մոտեցման մեջ։

Այս փոփոխությունները նույնպես փորձարկվելու են այս սեպտեմբերից Տավուշի մարզի 2, 5, 7, 10-րդ դասարաններում։

Նախարարության կայքում ներկայացրել ենք փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։

Մասնավորապես, ուսուցչի դրույքաչափի համար փորձարկվելու է հետևյալ մոտեցումը.

փորձարկվող տարրական դասարանում ուսուցչի մեկ դրույքաչափը՝ 22 ժամը կազմված է շաբաթական 18 դասավանդվող ժամերից և 4՝ գնահատման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված ժամից՝ հաշվի առնելով միավորային գնահատման բացակայությունը և ոչ միավորային գնահատման համար պահանջվող աշխատանքի ծավալը։ Հիմնական և ավագ դասարաններում համամասնությունը դառնում է 20+2: Այս փոփոխությունը նպատակ ունի կրճատել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ ժամանակ հատկացնելով ուսուցչի կողմից դասերի պլանավորման, գնահատման աշխատանքների համար։

Կարևոր փոփոխություն է փորձարկվող դասարանները առավելագույն ժամաքանակներով ֆինանսավորելու սկզբունքը, ինչը հնարավորություն է տալիս ներառել ընտրովի բաղադրիչը, ֆինանսավորել նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը, որը, հիշեցնեմ, պարտադիր է 7-րդ դասարանից սկսած։

Ավագ դասարաններում, միասնական մոտեցում դրսևորելով առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների նկատմամբ, ներդրվել է անհատականացված դասացուցակի հիման վրա առարկայական խմբեր ձևավորելու և ըստ այդ տարիֆիկացիոն ցուցակները կազմելու սկզբունքը։Սա պետք է հնարավորություն տա սովորողներին ձևավորել իրենց մասնագիտական նախասիրություններին առավել համապատասխանող դասացուցակ»:

--00—ԼՄ