Միջազգային հանրությանը պետք է անհապաղ սանձի պատերազմական հանցագործի հավակնությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Իշխան Սաղաթելյան

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և գործնականորեն սանձի մեր պետության նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ ունեցող պատերազմական հանցագործի հավակնությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Հարևան երկրի ղեկավարը երեկ նորից իրեն թույլ է տվել մեր ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ։

Միջազգային ահաբեկչական ուժերի և այլ պետությունների ներգրավմամբ՝ մեր ժողովրդի նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո, Ալիևն ակնհայտորեն նպատակ ունի կարճ ժամանակահատվածում ամբողջապես կազմաքանդել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։

Բաքվում պետք է շատ հստակ իմանան, որ Հայասատանի ներկա ժամանակավոր կաշկանդավածությունը և ապաշնորհ իշխանությունների գոյությունը չեն կարող հիմք հանդիսանալ մեր պետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շարունակական ոտնահարումների, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքը անտեսելու համար։

Հայ ժողովուրդը, որպես հայկական երկու պետությունների հարատևության և անվտանգության երաշխավոր, աննահանջ պայքարելու է իր իրավունքների համար։

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա վերջինս պետք է անհապաղ և գործնականորեն սանձի մեր պետության նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ ունեցող պատերազմական հանցագործի հավակնությունները։

Միջազգային կազմակերպություններն ու ուժային կենտրոնները չպիտի աչք փակեն միջազգային հարաբերություններն ու արդի աշխարհի անվտանգային համակարգերը կազմաքանդող ադրբեջանական գործողությունների վրա։

Հայ ժողովուրդն իր պատմության ամբողջ ընթացքում պայքարել է հանուն արժ անապատիվ խաղաղության, վերջին 30 տարիների ընթացքում մենք եղել ենք այս տարածաշրջանում խաղաղության ջատագովն ու պարտադրողը։ Մենք խաղաղություն ենք ուզում, սակայն այդ խաղաղությունը չի կարող լինել ի հաշիվ մեր արժանապատվության և գոյութենական իրավունքների»,- գրել է Սաղաթելյանը։

--00--ԱՀ