Արցախում յոթ օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 51 կանչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ԱԻՆ

2021 թվականի օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1825 զանգ:

Շաբաթվա ընթացքում աննախադեպ են եղել հրդեհների մասին ստացված հաղորդումները: Հրդեհավտանգ շրջանը շարունակվում է: Ծառայության «Առաջնագծում» հրշեջ փրկարարներն են:

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 51 կանչ, որից միայն 39-ը՝ չոր խոտածածկ տարածքներում, մյուս դեպքերը՝ բնակելի շինությունում, տրանսպորտում, աղբանոցներում և աղբակույտերում: Հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ:
Տուժածներ չկան:

ԱԻ պետական ծառայությունը հիշեցնում է. հրդեհներից և դրանց աղետալի հետևանքներից խուսափելու փորձված միջոցը հրդեհային անվտանգության կանոնների պահանջների իմացությունն է և դրանց անշեղ կատարումը:

Օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում 911 այազանգման կենտրոնում գրանցվել է 69 տեխնածին և 1 տարերային պատահար : Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց փողոցի 3 հասցեի բազմաբնակարան շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Այրվել է տանիքում առկա շինությունը և ներսում գտնվող կենցաղային պարագաներ: Տուժածներ չկան:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ստացվել է 3 հաղորդում: Տուժել է մեկ քաղաքացի: Վերջինս փրկարարների և շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն:

ԱԻ ծառայության սակրավորական խմբերը՝ գործընկեր կառույցների հետ մեկտեղ, ռազմամթերքի հայտնաբերման և դրանց վնասազերծման աշխատանքները շարունակվում են: Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է կասետային 12 հրթիռ, 2 պայթուցիչ: Պայթեցման աշխատանքներ են իրականացվել բոլոր շրջաններում:

Կենցաղային բնույթի մասին ստացված 42 կանչից 17-ը վերբերել է ջրամատակարարմանը: Արցախի մայրաքաղաքում խմելու ջրի հարցը շարունակում է մնալ օրախնդիր: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ձևավորվել է աշխատանքային 3 խումբ: Մինչ ջրի խնդրի վերջնական լուծումը, հրշեջ փրկարարները խմելու ջուր կմատակարարեն Ստեփանակերտի բնակչությանը: Տարեց կամ հաշմանդամության խնդիր ունեցող քաղաքացիներին ջուր են հասցնում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի փրկարարները:

Շաբաթվա ընթացքում փրկարարներն այցեր են կատարել հանրապետության տարածքում գործող մանկապատանեկան ու երիտասարդական ճամբարներ, դասընթացներ կազմակերպել առաջին օգնության, ինչպես նաև չպայթած զենք-զինամթերքի հետ ճիշտ վարվելու վերբերյալ:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների և մասունքների որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով՝ ծառայության ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում իրականացրել են 4 ելք: Մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1634 աճյուն:

--00—ՄՀ