Արշամյանը և ՍԴՀԿ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում և Արցախում իրականացվող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

հայկակ

Օգոստոսի 12-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին և Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձևաչափում. հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է Արցախում և Հայաստանի մի շարք մարզերում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման, կրթական հաստատությունների բարեկարգման և սոցիալական բնույթի ընթացիկ ծրագրերը: ՍԴՀԿ ներկայացուցիչների կողմից ընդգծվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման և առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը՝ ի շահ Հայրենիքի զարգացման և շենացման:

Նշվում է, որ ՍԴՀԿ–ն մշտապես իր ներկայացուցիչն է ունեցել Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում և զգալի մասնակցություն է ունեցել հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

--00—ՄՀ