Տավուշի մարզի մի քանի գյուղերում եւս ռուս սահմանապահների ուղեկալներ կտեղակայվեն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

ռուս սահմանապահ

Տավուշի մարզի մի քանի գյուղերում եւս հնարավոր է ռուս սահմանապահների ուղեկալներ տեղակայվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը։

«Մի քանի օր առաջ Ազատամուտ ռուս երկու սահմանապահ եկան, տարածքներ նայեցին, որ իրենց ուղեկալը տեղակայեն։ Դեռ որոշված չէ, թե ուղեկալը որտեղ է տեղակայվելու։ Հիմա Ազատամուտում ժամանակավոր մնում են ռուս երկու սահմանապահները եւ նրանց հետ ժամանած ազգությամբ հայ 10 տեխնիկական աշխատողներ։ Երբ ուղեկալի տեղակայման աշխատանքները սկսվեն, նրանց կմիանան մոտ 50 հոգանոց անձնակազմը»,– ասել է Արթուր Բեգինյանը։

Ազատամուտի ղեկավարի պաշտոնակատարի տեղեկություններով՝ Բերդի տարածաշրջանի սահմանային գյուղերից սկսելով հնարավոր է տեղակայվեն ռուս սահմանապահների ուղեկալներ։ Խոսքը Այգեպարի, Պառավաքարի, Այգեհովիտի, Բերքաբերի, Կոթիի եւ Դովեղ գյուղերի մասին է։

Նշենք՝ անցյալ շաբաթ, Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել:

Թե ինչո՞ւ են Տավուշում ռուս սահմանապահներ տեղակայվում, համայնքի ղեկավարը հղում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ամբողջ հանրապետության տարածքում պիտի ռուս սահմանապահներ տեղակայվեն։

«Ասում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով են տեղակայվում, որպեսզի սահմանային խախտումներ չլինեն»,– հավելել է Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։

--00--ԱԹ