Սահմանային լարվածություն, գերիների հարց ու Թուրքիայի հրդեհներ. շաբաթը՝ ամփոփ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է հաղորդել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Օգոստոսի 3-ին Անկարայում մեկնարկել և օգոստոսի 8-ին ավարտվել են «Կովկասյան արծիվ» («Caucasus Eagle») անվամբ համատեղ զորավարժությունները, որին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Հետաքրքրական է, որ Նախիջևանի ինքնավար մարզը հիշատակվել է որպես ինքնուրույն կողմ։

Դիտորդի կարգավիճակում զորավարժություններին մասնակցել են ուկրաինացի զինվորականները։ Էրդողանի վարչակազմին մոտ կանգնած «Türkiye» թերթը պնդել է, որ թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունների նպատակներից մեկը Հայաստանին վախեցնելն է։

Ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվել գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովի` առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվելու մասին: Այս տեղեկատվության տարածումից հետո Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է արել լրատվամիջոցներին չտարածել կադրային փոփոխությունների մասին աղավաղված տեղեկատվություն:

Շաբաթվա ընթացքում Նախիջևանում անցկացվել են ադրբեջանական և թուրքական հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Զորավարժությունների սցենարը պայմանական թշնամու` դիվերսիոն խմբին չեզոքացումն է։

Սև ծովում մեկնարկել են «Dive-2021» միջազգային զորավարժությունները: Ուկրաինայի հետ մեկտեղ զորավարժություններին մասնակցում են՝ ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները: Նախատեսվում է, որ ուսումնական վարժանքների ընթացքում միջազգային միավորված խմբի զինվորականները կմշակեն ջրի տակ գործողությունների սինխրոնիզացիան:

Օգոստոսի 6-ին Վրաստանում ավարտվել են հուլիսի 26-ից մեկնարկած «Agile Spirit - 2021» զորավարժությունները, որին մասնակցել են ադրբեջանցի զինծառայողները:

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կառուցված ու կահավորված զորամասեր։ Հասանովը հրամանատարությունից պահանջել է բարձրացնել զինվորների մարտունակության մակարդակը։

Իսկ օգոստոսի 6-ին Զաքիր Հասանովը ծանոթացել է Քարվաճառի շրջանում կառուցվող ուսումնական հրաձգարանի շինարարական աշխատանքներին: Նույն օրը Հասանովն այցելել է նաև Քարվաճառի և Լաչինի շրջանների ռազմաբժշկական հաստատություններ ու ծանոթացել դրանցում ստեղծված պայմաններին:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Շաբաթվա ընթացքում շարունակվում է Գեղարքունիքի ու Սյունիքի հայկական դիրքերում ստեղծված անհանգիստ վիճակը, քանի որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար սադրանքների են դիմել՝ գնդակոծելով հայկական դիրքերը։ Դրան զուգահեռ, Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարություններ է տարածել, թե իբր հայկական կողմն է խախտում հրադադարը։

Օգոստոսի 2-ին Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Քարվաճառի ուղղությամբ հայկական դիրքերից ադրբեջանական բանակի ավտոմեքենայի գնդակոծման մասին տեղեկությունները։ Իսկ օգոստոսի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է հայկական կողմի հայտարարությունը՝ ադրբեջանական ԱԹՍ-ի՝ Հայաստանի օդային տարածք ներթափանցելու մասին:

Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, թե ռուսական կողմը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով և կողմերին կոչ է անում խուսափել իրադրության լարումից։

Բիկանտովն ընդգծել է, թե Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով:

Օգոստոսի 5-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ նշվել է, թե «Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից և պետք է գնահատի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հնարավորությունը»։

Օգոստոսի 6-ին Իլհամ Ալիևը Էրդողանին հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Էրդողանն ասել է, որ Թուրքիան միշտ եղել է եղբայրական Ադրբեջանի կողքին:

ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է, թե ՄԱԿ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել երկու երկրների սահմանին շարունակվող բախումների ֆոնին:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները: ՄԻՊ-ը նաև հայտնել է, որ ադրբեջանական զինծառայողները գողացել են Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ուզբեկստանի տրանսպորտի նախարարության տրանսպորտային միջանցքների, լոգիստիկայի և տարանցման զարգացման վարչության պետ Բեկզոդ Խոլմատովը հայտարարել է, թե Ուզբեկստանը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի հետ համագործակցությունը՝ Արցախից գրավված տարածքներում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծել են, որ միջազգային ճանապարհային տրանսպորտի ոլորտում Բաքուն և Տաշքենդն աշխատում են միջկառավարական համաձայնագրի նոր նախագծի վրա, որը նախատեսում է երկու երկրների փոխադրողների ազատում ճանապարհային վճարներից:

Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, թե իրենք մեծ քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի հետ կապերի ընդլայնման ուղղությամբ: Ըստ Իրանի նախագահի՝ իրանական ընկերությունները պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ Ղարաբաղի վերականգնման հարցում:

Շաբաթվա ընթացքում Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ, որի ժամանակ նա ճապոնական ներդրողներին հրավիրել է Ղարաբաղ՝ ներդրումներ կատարելու։

Ադրբեջանի Ավտոմոբիլաների ճանապարհների պետական գործակալության ներկայացուցիչ Ֆարիդ Յուսուբովը նշել է, թե Գյոյգոլի շրջանի Թողանալը գյուղից դեպի Քարվաճառ քաղաք, իսկ այնտեղից ՝ Ջերմաջուր (Իստիսու) ավան և Լաչինի շրջան տանող ավտոմոբիլային ճանապարհի վրա հողային աշխատանքներ են տարվում:

Ճանապարհը լինելու է առաջին կարգի՝ 2-4 երթևեկության գոտով: Հաջորդ տարի նախատեսվում է սկսել ասֆալտապատման աշխատանքները: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախատեսվում է կառուցել 23,4 կիլոմետր երկարությամբ ճանապարհային թունել Մռավի լեռնաշղթայի մասում, որը կնպաստի Տողանալի-Քարվաճառ ավտոճանապարհի անխափան շահագործմանը:

Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության համապատասխան վարչության պետի տեղակալ Հիդայաթ Ռուստամովը հայտարարել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» (Հորիադիզ-Ջրական-Կոսսական-Աղբենդ) ադրբեջանական կողմում ավտոճանապարհը կունենա 123,8 կիլոմետր երկարություն և բաղկացած կլինի 4-6 գծերից: Շինարարական աշխատանքներն Ադրբեջանը ծրագրում է ավարտել 2024 թ-ին։

Ադրբեջանցի պաշտոնյանի խոսքով՝ պլանավորվում է «Հաղթանակի ճանապարհը» շահագործման հանձնել 2021 թ-ի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Ռուստամովը նաև հայտարարել է Շուշի քաղաքում երկրորդ ճանապարհի շինարարության մասին։

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Բաքվում Ադրբեջանի և Իրաքի միջև համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստում Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը կկապի Արևելքը Արևմուտքի հետ, և Իրաքը նույնպես կկարողանա օգտվել դրանից՝ բեռնափոխադրումների համար:

Ադրբեջանական մամուլում տեղեկությություններ են տարածվել Զանգեզուրի վրայով օդային միջանցքի գործարկման մասին։ Սակայն լուրերի տարածմանը հետևել է «Ադրբեջանական ավիաուղիների» պարզաբանումը, թե Զանգեզուրի վրայով օդային միջանցքը դեռ գոյություն չունի և չի օգտագործվում ավիաընկերությունների կողմից:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հարավկովկասյան գազատարի օպերատորը «BP Exploration»-ից ամբողջությամբ փոխանցվել է «SOCAR Midstream Operations Limited» ընկերությանը: Նշենք, որ Հարավկովկասյան գազատարը (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) «Շահ Դենիզ» հանքավայրից ադրբեջանական գազը մատակարարում է Կասպից ծովից Վրաստան և Թուրքիա:

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Շաբաթվա ընթացքում Յասամալի շրջանային դատարանի որոշմամբ Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը 20 տարվա ազատազրկման են դատապարտել: Գերիները մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման, պատերազմի օրենքների խախտման, խոշտանգումների և այլ հոդվածներով:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը նշել է, թե գերիների վերադարձն ամենահրատապն է, գերիները չպետք է օգտագործվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին նոր կառավարության ձևավորման առթիվ, որում նշվում է, թե ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել հակամարտության կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում վերադարձնել բոլոր գերիներին:

Օգոստոսի 6-ին Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Ակնայի (Աղդամի) շրջանի տարածքում պայթել է ականի վրա: Տուժածը հոսպիտալացվել է:

Հրդեհները մարելու խնդրի մասին

Թուրքական մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում Էրդողանը հատուկ նշել է, որ առաջին օրվանից Ադրբեջանը համակողմանի աջակցություն է ցուցաբերում Թուրքիայում տարածված հրդեհները մարելու և դրանց տարածումը կանխելու համար.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին տված հարցազրույցում երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին՝ անտառային հրդեհների դեմ պայքարին ուղղաթիռ ուղարկելու համար:

Ադրբեջանում անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում: Այս շրջանում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են մեծ թվով ուժեր, այդ թվում՝ 130 հրշեջ, արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումները, տեղի բնակիչները և մեկ ուղղաթիռ:

Այլ թեմաներ

Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հային՝ ելույթ ունենալով Ջամու և Քաշմիրի կարգավիճակի վերացման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Քաշմիրի հարցում Պակիստանին աջակցության համար։

--00--ԱԹ