Գիշերը պոստ ենք կանգնում, ցերեկն աշխատում, գան, հրաժարական պահանջե՞ն. Տեղ համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Շադունց

Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում հանգիստ իրավիճակ է, գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը` նշելով, որ երբեմն անկանոն կրակոցներ լինում են, սակայն միջադեպեր չկան:

«Մինչեւ խոր աշուն դեռ խոտհավաք է լինելու, հետո սկսելու ենք հողերը վարել, հետո ցանել: Երեկ Խոզնավարում, էսօր Վաղատուր գյուղում գյուղատնտեսական տեխնիկա է բաժանվում, ժողովուրդը խմբեր կազմեցին, ստացան էդ մոտոբլոկները, ամեն մարդ իր գործերով է առայժմ, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»,- ասել է նա:

Շադունցի խոսքով` գյուղացիները արդեն հարմարվել են սահմանամերձ լինելու հանգամանքին, արտագաղթ էլ այդքան մեծ տեմպերով չի նկատում:

«Փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել, ոռոգման ջուրն է, չգիտեմ գյուղտեխնիկան է, փողոցներն է, ճանապարհներն է, կփորձենք տեսնենք կստացվի: Հիմա մենք բազմավեկտոր գյուղատնտեսություն ենք զարգացնելու: Առաջ, որ 60 հազար գլուխ  ոչխար էինք պահում, դրա մասին մոռանում ենք, դա այլեւս հնարավոր չէ: Մոռանում ենք հազարավոր հեկտարների վրա ցորեն գարի ցանելը, մինչեւ Արաքսի հովիտ ցանում էինք: Հիմա փորձելու ենք մեր հողատարածքներում բարձր արժեք ունեցող մթերքներ մշակել, որի պահանջարկն էլ կա, կաթիլային ոռոգման անցել, լրիվ ուրիշ ուղղությամբ զարգանանք: Կփորձենք, տեսնենք ինչ կստացվի»,- ասել է նա:

Ներսես Շադունցն, անդրադառնալով այն հանգամանքին, որ թշնամին արդեն 3 ամիս է՝ մեր պետության տարածք է մտել, նաև Սյունիքի մարզում, ասել է, որ անհանդուրժելի է  նման իրավիճակը:

«Եթե մեկը մտնի մեր բնակարան, կամ հողատարածք, ասի՝ էս մասը իմն է, չենք հանդուրժի, չէ՞, բա ի՞նչն է պատճառը, որ թողնում ենք, չենք ասում՝ էս ո՞ւր: Ո՞ւր կորավ մեր հայրենասիրությունը, ասում ենք, ամենահայրենասեր ազգն ենք: Մենք ազգովի հիվանդ ենք, լավ բժիշկ ճարենք, պառկենք բուժվենք, վեր կենանք ու 0-ից սկսենք»,- եզրափակել է իր խոսքը համայնքապետը:

Հարցին, թե արդյո՞ք պահանջել են նրա հրաժարականը, ինչպես տեղի ունեցավ մյուս մարզերում, Շադունցն ասել է, որ իրենից հրաժարական չեն պահանջել.

«Այնպես չի, որ եսիմինչ գործ է, մի հատ էլ գան, հրաժարական պահանջեն, ինձանից չեն պահանջել: Գիշերը պոստի ենք կանգնում, ցերեկը աշխատում, շաբաթ- կիրակի էլ չգիտեմ ինչով ենք զբաղվում, մի հատ էլ գան հրաժարական պահանջե՞ն»:

--00--ԱԹ