Արցախի պետնախարարը աշակերտների ընդունելության կարգին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

․

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության կարգին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջից:

Իր խոսքում պետական նախարարը նշել է, որ կարգը գործում է 2020-2021ուս. տարվանից, և անհրաժեշտ է հասկանալ, թե նախորդ ուսումնական տարում ինչ խնդիրներ են վերհանվել, ինչը հնարավորություն կընձեռի կատարել համապատասխան բարելավումներ:

«Էլեկտրոնային ծրագրով գործող կարգի հիմնական նորամուծությունը աշակերտի բնակության վայրի սկզբունքն է, որի հիման վրա ինքնաշխատ կերպով ընդունելությունը կազմակերպվում է բնակության վայրին մոտիկ դպրոցում՝ իհարկե, որոշ հիմնավոր բացառություններով: Այս կարգն ունի իր դրական ու բացասական կողմերը, և այս խորհրդակցությամբ նպատակ ունեմ քննարկել բոլոր հանգամանքները, որպեսզի կարողանանք ընդունելության համակարգը դարձնել ավելի արդյունավետ, արդար ու մատչելի: Էական է և՛ կրթության իրավունքի, և՛ որոշակի կարգապահության ապահովումը, ինչը կերաշխավորի արդարացիություն և մատչելիություն: Մյուս կողմից անընդունելի է, որ կրթության իրավունքի կամ արդարացիության սկզբունքի իրացման ներքո չարաշահումներ լինեն: Մենք, որպես որոշումներ կայացնողներ, խնդիր ունենք լավագույն լուծումը գտնել այս իրավիճակում»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:

Առկա խնդիրների շուրջ պարզաբանումներ ու իրենց դիրքորոշումներն են ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները, Ստեփանակերտի քաղաքապետը, դպրոցների տնօրեններ և պաշտոնատար այլ անձինք:

Շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել է որոշ բարելավումներով պահել առաջին դասարանցիների ընդունելության գործող կարգը և բնակության վայրի սկզբունքը, որը, սակայն, չի տարածվելու ավագ դպրոցների վրա:

Պետական նախարարը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմիններին՝ հետևողական ու սկզբունքային լինել վերհանված խնդիրների կարգավորման, ինչպես նաև տեղահանված երեխաների կրթության պատշաճ ապահովման ուղղությամբ:

--00--ԱՀ