Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում. կողմ և դեմ քվեները հավասար էին: Քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորների ձայները բաշխվել էին հետևյալ կերպ. կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։

Նշենք, որ այսօր ևս մեկ անգամ է ընտրություն եղել, և Սաղաթելյանը չի ընտրվել Ազգային Ժողովի փոխնախագահ։ Կողմ է քվեարկել 53, դեմ` 50 պատգամավոր։ Ընտրվելու համար Սաղաթելյանին անհրաժեշտ էր 54 ձայն։

Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ որոշ ընդդիմադիրներ դեմ են քվեարկել Սաղաթելյանի թեկնածությանը կամ անվավեր դարձրել քվեաթերթը

Հավելենք, որ Ազգային ժողովի իշխանական փոխնախագահներն են Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը։ Նրանց ընտրության ժամանակ քվեարկությանն ընդդիմությունը չէր մասնակցել։

--00--ԱԹ