Մակրոն-Փաշինյան զրույցի մասին հայկական և ֆրանսիական հաղորդագրությունները տարբեր են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

մակրոն

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը մամուլի հաղորդագրություն է տարածել նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին:

«Հանրապետության Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահը շնորհավորել է Վարչապետին վերանշանակման կապակցությամբ։ Ի պատասխան Հայաստանի խնդրանքին, Հանրապետության Նախագահը իրազեկել է առաջիկա շաբաթներին COVID19-ի դեմ պատվաստանյութի 200 000 դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին: Պատվաստանյութը կուղարկվի Act-A նախաձեռնության շրջանակում և մեր եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված:

Պարոն Մակրոնը և պարոն Փաշինյանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը: Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահականի և ՀՀ կառավարության տարածած հաղորդագրություններում որոշ տարբերություններ կան: ՀՀ կառավարությունը հայտնում էր, թե «նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը», մինչդեռ Ֆրանսիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ նման տող չկա: ՀՀ Կառավարության տեքստից էլ բացակայում է Ֆրանսիայի նախագահականի նշած հետևյալ տողը. «Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը»:

--00--ԱԹ