Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված է հասցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News    

Անտոնյան

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված է հասցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին քննիչները մեկնել են հիվանդանոց, որտեղ գտնվում է Անտոնյանը։

Հարցին՝ արդյոք վերջինս ի վիճակի եղել է քննիչների հարցերին պատասխանելու, Թադևոսյանը նշեց, որ տեղեկություն չունի, առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի, երբ քննիչները վերադառնան։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 01.00-ի սահմաններում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակով ներխուժել են Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրան դաժան ծեծի են ենթարկել ու դանակահարել։

Վարդան Թադևոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի, ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով՝ բնակարանային անձեռնմխելիությունը խախտելու, ծեծի, մի խումբ անձանց կողմից սպանության փորձ կատարելու համար։ Արման Անտոնյանը հարուցված քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժող։

 --00—ՄՀ