«Ժամանակիդ շունչը դարձիր»․ գրքի 4-րդ փառատոնը՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

2017 թվականից անցկացվող «Գրքի երևանյան փառատոնը» տարվա ամենասիրված և սպասված գրական միջոցառումն է ընթերցողների և ստեղծագործողների շրջանում:

4 տարի շարունակ փառատոնի շնորհիվ կայանում է գրող-հրատարակիչ-ընթերցող հանդիպումը, ընթերցողներին հնարավորություն տալով ծանոթանալ տեղծագործողների հետ, քննարկել ստեղծագործությունը անձամբ հեղինակի հետ:

Փառատոնի կազմակերպիչ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ «Գրքի երևանյան փառատոնը» ունի 4 բաղադրիչ։ Գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է, այն անկացվում է «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում, որին մասնակցելու համար ներկայացվել է 146 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն օգոստոսի 1-ին՝ միջոցառման փակման արարողության ժամանակ: 

Փառատոնի մյուս կարևոր բաղադրիչը գրքերի ցուցահանդես-տոնավաճառքն է, որին այս տարի մասնակցում է մոտ 50 հրատարակչություն՝ ներկայացնելով վերջին տարիների հրատարակությունները և ընթերցասերներին հնարավորություն տալով 30-60 տոկոս զեղչով ձեռք բերել իրենց նախընտրած գրքերը:

Վերջին մեկ տարում հրատարակված գրքերի մասին շնորհանդեսը ևս փառատոնի ամենահետաքրքիր միջոցառումներից մեկն է:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշում է, որ փառատոնի շնորհիվ 4 տարիների ընթացքում բազմազան է դարձել գրահրատարակչական դաշտը, գեղեցկացել է գրքերի պոլիգրաֆիական որակը, թարգմանչական գործը առավել ակտիվ է:

Երիտասարդ ստեղծագործող Գրիգը ասում է, որ բոլոր 4 փառատոններին մասնակցել է, մասնակցությունը ոչ միայն հնարավորություն է ճանաչելի դառնալ, այլև առիթ է հանդիպել հրատարակիչների հետ հետագայում նաև մեծ վաճառք ապահովելու համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նկատեց, որ հիմնադրման օրվանից փառատոնը կազմակերպվում է նախարարության նախաձեռնությամբ: Ի դեպ, փառատոնի շրջանակում անցած տարի վաճառվել է 15 հազար գիրք, ինչը, Արա Խզմալյանի կարծիքով, վկայում է, որ փառատոնը լավ ձևաչափ է հանրային ուշադրությունը դեպի հեղինակը, թարգմանիչը ուղղորդելու համար:

Այս տարի փառատոնը նվիրված է Եղիշե Չարենցին, կարգախոսն է՝ «Ժամանակիդ շունչը դարձիր» չարենցյան տողը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ