ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Քաղաքական

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որոնց հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից՝ մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը:

«Դժբախտաբար, միջադեպերի քանակը այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում կայուն կերպով աճել է, և այս միջադեպերը լարվածությունը հասցրել են նոր մակարդակի՝ ցավալի վիրավորումներով և մարդկային կորուստներով, ինչն ինձ շատ է անհանգստացնում», - ասել է իռլանդացի պատվիրակը՝ տեղեկացնելով, որ ինքը կապի մեջ է եղել երկու կողմի հետ և հասկացել, որ երկուսն էլ ուզում են խուսափել իրադրության վատթարացումից:

Փոլ Գավանը շեշտել է՝ հումանիտար այն հիմնախնդիրները, որոնք ազդում են անհատների կյանքի վրա սահմանի երկու կողմերում, չեն կարող լուծվել, քանի դեռ բռնությունը չի դադարեցվել:

«Բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են այս վիճակով, կոչ եմ անում ցույց տալ իրենց պատասխանատվությունը խաղաղություն և հաշտեցում կառուցելու նպատակով: Հետևաբար, հույս ունեմ, որ երկու երկրներն էլ հետ կկանգնեն այնպիսի քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Մենք պետք է խոսափենք հակամարտության այս շարունակական շրջապտույտից», - հայտարարել է Փոլ Գավանը:

ԵԽԽՎ-ից տեղեկացնում են, որ Փոլ Գավանը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով իր զեկույցը նախատեսում է ներկայացնել ԵԽԽՎ-ի հաջորդ լիագումար նիստում (սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1):

--00--ԿԿ

Տեսանյութեր