Խաղաղապահներն Ամարաս վանք ուխտավորների այցի նախօրեին ապահովել են անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի հնագույն Ամարաս վանք ուխտավորների այցի նախօրեին:

Սահմանազատման գծի մոտակայքում գտնվող վանական համալիրի օբյեկտներում պատարագի նախօրեին խաղաղապահները միջոցներ են ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու, ինչպես նաև ուխտավորների Ստեփանակերտ - Ամարասի վանք և հետադարձ երթուղու ավտոշարասյան տեղաշարժի անվտանգությունն ապահովելու համար:

Ընդհանուր առմամբ, Ամարասի վանքին հարող ավելի քան 20 օբյեկտ և մոտ 5 հեկտար տարածք ստուգվել են կասկածելի անձանց և առարկաների առկայության համար:

Ամարասը վաղ միջնադարյան հայկական վանքերից է, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան մասում: Միջնադարյան Հայաստանում այն ունեցել է նշանավոր կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ: 2020-ի նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրման արդյունքում Ամարասի վանքը մնում է շփման գծին մոտ՝ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում:

--00—ՄՀ