Սոթքի հանքում 150 աշխատակից հրատապ տարհանվել է. անկանոն կրակոցներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Սոթք

Երկրորդ անգամ թշնամու կրակոցների պատճառով Սոթքի հանքի աշխատակիցները ստիպված են եղել լքել հանքի տարածքը։ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ աշխատակաիցները տարհանվել են այն ժամանակ, երբ որ սկսվել են անկանոն կրակոցները։ 

«Հանքավայրը դադարեցրել է աշխատանքը։ Բոլոր աշխատակիցները հրատապ տարհանվել են և տվյալ պահին հանքավայրում գործողություններ տեղի չեն ունենում՝ անկանոն կրակոցների պատճառով»։

Հանքում գիշերվա ժամերին հերթապահություն է իրականացնում մոտ 150 մարդ, նրանք բոլորը տարհանվել են։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ևս Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Անկանոն կրակոցներ էին հնչել Սոթքի հանքի տարածքում։ Լարված իրավիճակի պատճառով էլ հանքավայրի մոտ 150 աշխատակից ղեկավարության որոշմամբ լքել էր հանքի տարածքը։

Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ից այսօր տեղեկացրել են, որ հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ 

--00—ՄՀ