Ոստիկանները մեկնեցին գողության ահազանգով, սակայն բացահայտեցին ավազակություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Հուլիսի 24-ին, ժամը 20.17-ին, ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Քաջազնունու փողոցի 25-ամյա բնակիչը հայտնել էր, որ իր տուն եկած երկու հոգի հեռախոսի պատյանի միջից գողացել են 20 հազար դրամ, հիմա էլ դեռ իր տանն են:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ: Տեղում պարզվել էր, որ խոսքն այլ հանցատեսակի մասին է: Երիտասարդը հաղորդում էր տվել, որ ժամը 20-ին իր ծանոթն ու նրա ընկերը դանակով հարձակվել են, հնչեցրել սպառնալիքներ, իրենից պահանջել և ստացել են 40 հազար դրամ ու հեռացել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են տուժածի տուն եկածների ինքնությունը: Գիշերվա ժամը երեքի սահմաններում 22 և 19 տարեկան երիտասարդները Քաջազնունու փողոցում հայտնաբերվել ու բերման են ենթարկվել:

22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակն ու հափշտակած փողը:
Ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, երկուսն էլ ձերբակալվել են:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

--00--ԿԿ

Տեսանյութեր