Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններից մեկը կարճվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

դատավոր

 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը կարճվել է, մյուսը՝ ուղարկվել ԲԴԽ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից հարուցվել էր երկու կարգապահական վարույթ, որոնցից մեկը վերաբերում էր «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու որոշման հետ։ Ընդ որում՝ ՀՀ արդարադատության նախարարություն զեկուցագիրը ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից։ Երկրորդ վարույթը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հարուցել է՝ դժգոհ լինելով իր միջնորդությունը մերժելու դատարանի որոշումից։

Մասնավորապես, ՀՀ ԱՆ նախարարը երկու միջնորդություններ է ներկայացրել՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացուն Վրաստանի դատական ակտերի հիման վրա կալանավորելու ու Վրաստանին հանձնելու մասին, որոնք դատավորի կողմից մերժվել են: Դատարանը գտել է, որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որը դեռևս ի կատար ածման ենթակա չէ և ՀՀ օրենսդրությամբ վաղեմության ժամկետներն անցել են, Վրաստանում կայացված դատավճիռը, որն իրականացվել է հեռավար կարգով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ վաղեմության ժամկետի ընդհատման հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ մեր երկրում հեռավար դատավարություն առկա չէ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Աշոտ Մինասյանի գործով կայացված դատական ակտի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել։ Ինչ վերաբերում է երկրորդ կարգապահական վարույթին, ապա օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարության կողմից միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

--00—ՄՀ

Տեսանյութեր