Հարկ է օր առաջ արթնանալ թմբիրից, հասնել գերիների ազատմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

ԱԱԾ

Իր ողջ աղետալի հետևանքներով 44-օրյա պատերազմը հայ հանրության համար ցավագին եղավ նաև գերիներին վերադարձնելու առումով։ Գերեվարված են հարյուրավոր հայորդիներ, որոնց ստույգ թիվն առ այսօր գաղտնի է պահվում թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունների կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ տվյալների գաղտնագրումն իրականում հետապնդում է ժողովրդից այն թաքցնելու, հանրությանը մոլորեցնելու միտում։ Մեր գնահատմամբ հնարավոր է գերիների ազատմանը հասնել հետևյալ համալիր միջոցառումների իրականացմամբ՝

1․ Հայաստանի գործող իշխանությունները, թեկուզև ուշացումով, պիտի երկրում ու Սփյուռքում ստեղծեն այնպիսի իրավիճակ, մթնոլորտ, որ յուրաքանչյուր հայ ապրի գերեվարված տղաներին օր առաջ փրկելու, հայրենիք վերադարձնելու մտահոգությամբ, նրանց ճակատագիրն ընկալի որպես անձնական ցավ։

2․ Հարկ է անհապաղ դադարեցնել Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տարվող բանակցությունները, առաջ քաշել նախապայման՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր անձանց վերադարձնել Հայաստանին, ինչն արձանագրված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով։

3․ Բանակցություններում Հայաստանի դիրքերն ուժեղացնելու, միջազգային հանրությանը մեր միասնականությունը ցուցադրելու նպատակով անհրաժեշտ է հստակ կողմոնորոշվել Ռուսաստան-Արևմուտք ընտրանքում։

4․ Պետության և գործարար շրջանակների կողմից ֆինանսական լուրջ միջոցներ պիտի տրամադրվեն Հայաստանի ու արտասահմանում գործող մասնագիտացված իրավաբանական հաստատություններին Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի շահերը միջազգային դատարաններում ներկայացնելու և պաշտպանելու համար։

5․ Գերիներին վերադարձնելու հնարավոր ելք կարող է դիտարկվել Հայաստանի տարածքում ապօրինի տեղակայված ադրբեջանցի զինվորականներին գերեվարելը, դատելը, մեր զինվորների հետ փոխանակելը։ Հնարավոր ելք կարող էր դիտարկվել նաև հատուկ օպերացիայի իրականացմամբ բուն Ադրբեջանի տարածք ներթափանցումով գերիներին ազատելը, սակայն սա ներկայիս Հայաստանի համար անհնարին, գրեթե միֆական տարբերակ է։

6․ Համապատասխան երաշխիքների դեպքում տեսականորեն հնարավոր է նաև Հայաստանի իշխանությունների լիազորմամբ ֆինանսապես շահագրգռել նման հարցերում խորացած, միջնորդական առաքելություն իրականացնող անհատներին ու կազմակերպություններին, նրանց միջոցով հասնել գերեվարված անձանց ազատմանը։

Աշխարհում թերևս չկա և ոչ մի ժողովուրդ, որը կարող է անտարբերության ու մոռացության մատնել գերության մեջ գտնվող, անմարդկային զրկանքների ու տառապանքների մատնված իր զինվորներին, մի կողմ քաշվել ու հարցի լուծումը թողնել իր դաշնակցի վրա, զբաղվել լոկ իմիտացիոն գործողություններով։ Սեփական զինվորի նկատմամբ ուշադրությունն անվտանգային բացառիկ կարևորության խնդիր է։ Հարկ է օր առաջ արթնանալ թմբիրից ու վերը նշված համալիր միջոցառումներով, սեփական ուժերի գիտակցմամբ, հասնել գերիների ազատմանը։

 --00—ՄՀ

 

Տեսանյութեր