Օշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Գևորիկ

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Մնացական Մարուքյանից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հուլիսի 23-ին բավարարել է Գևորգ Մելիքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Գրավի չափ է սահմանվել 50 մլն ՀՀ դրամը, որը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Մելիքյանը պետք է ազատ արձակվեր։

Փաստաբանը հայտնել է, որ Մելիքյանն արդեն ազատության մեջ է։

Հիշեցնենք, որ Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Մելիքյանը, պահպանելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով հեղինակության, կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես ստանձնել է մասնավոր, այն է` պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի` իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելու հարցը։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի։

--00--ԱԹ